19-րդ դարի վերջերին ֆրանսիացի նովելիստ Էմիլ Զոլան «Ես մեղադրում եմ» նամակով, որն ուղղված էր Ֆրանսիական հանրապետության նախագահին, հանդես եկավ ի պաշտպանություն ֆրանսիական բանակի հրեա սպա, լրտեսության մեջ կեղծ մեղադրված Դրեյֆուսի: Զոլան պաշտպան կանգնեց անարդար կերպով տուժած մարդուն՝ հանուն հանդուրժող պետության գաղափարի և հանուն իր հայրենիքի՝ Ֆրանսիայի բարի համբավի: Զոլան գրողների և լրագրողների համար այդպիսով մշակեց բարոյական չափանիշներ: Եվ շնորհիվ Զոլայի՝ 20-րդ դարի ամբողջ ընթացքում բոլոր մտավորական լրագրողները բարոյապես պարտավորված էին զգում ներառված լինել քաղաքականության մեջ՝ արտահայտելու համար ոչ թե իրենց՝ իշխանության համար պայքարը, այլ՝ մտահոգվածությունը հասարակական բարիքով:
Ինչու՞ հիշեցի այս պատմությունը: Երեկ սոցցանցերում ակտիվ քննարկման թեմա էր դարձել ԱԺ-ում մի խումբ լրագրողների կազմակերպած ակցիան՝ ընդդեմ հայ-ռուսական գազային պայմանագրի:
Բանն այն է, որ գտնվել էին առանձին «մեդիափորձագետներ», որոնք լրագրողական էթիկայից դուրս էին համարում նման ակցիայի կազմակերպումը: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այսօր մամուլի, լրագրողի առաքելության, լրագրողական էթիկայի մասին կարծիքներ են հայտնում, գնահատականներ են տալիս հիմնականում մարդիկ, որոնք չունեն իշխանության վերահսկողությունից դուրս գտնվող մամուլում աշխատելու փորձ, երբևէ չեն բախվել իշխանության հարուցած խոչընդոտներին: Այդ մարդկանց հազիվ թե հանդիպեք որևէ բազմամարդ ցույց կամ հանրահավաք լուսաբանելիս: Նրանց ձեռքից ոստիկանները չեն խլել ու ջարդել ձայնագրիչներն ու տեսախցիկները, ինչպես պատահել է իշխանությանը ոչ հաճո լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Դժվար է հիշելը, որ այդ «մեդիափորձագետները» բռնության ենթարկված լինեն իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս, երբ, օրինակ, փորձել են լրագրողական վկայականով մուտք գործել ընտրատարածք և բախվել են թաղային խուժանի հարձակմանը: Իսկ ահա կողքից երևույթներին նայելն ու գնահատականներ տալը շատ դյուրին է, եթե անգամ դա վերաբերում է սեփական երկրիդ ինքնիշխանության կորստին: Պարզվում է, որ չէ, լրագրողն իրավունք չունի քաղաքացիական դիրքորոշում ունենալու: Շմայսի, գեներալ Մանվելի, Աշոտ Աղաբաբյանի (մականունը՝ Բուռնաշ), Սամվել Ալեքսանյանի, Վարդան Այվազյանի, Մհեր Սեդրակյանի տիպի մարդիկ կարող են մուտք գործել Ազգային ժողով, լրագրողներին ու իրենց ընդդիմադիր գործընկերներին հայհոյել՝ առանց չափ ու սահման ճանաչելու, քվեարկել և մեր պետության ճակատագրին առնչվող քաղաքական որոշումներ կայացնել, իսկ լրագրողները նույնիսկ մի ցուցապաստառ բռնելու իրավունք չունեն: Չունեն, որովհետև, որպես կանոն, նրանց էթիկայի դասեր են տալիս իրենց տիտղոսակիր գործընկերները: Թերթեր են փակվում՝ «մեդիափորձագետների» մտահոգությունը չի հնչում, ձայն-ծպտուն չի լսվում, մամուլին դատի են տալիս օլիգարխներն ու կոռումպացված պաշտոնյաները՝ էլի նրանց ձայնը չի լսվում: «Էթիկայից» ելնելով լռում են: Եվ «էթիկայից» ելնելով խոսում են միայն այն ժամանակ, երբ իրենց գործընկերները քայլ են անում: Քայլ են անում՝ ցույց տալով, որ Հայաստանի քաղաքացի են, մտահոգ են երկրի անցուդարձով, որ լրագրությունը չեն դիտում սոսկ որպես տուն պահելու կամ դրամաշնորհ
կպցնելու միջոց: Քայլ են անում՝ երբեմն նաև իրենց վրա հարվածներ վերցնելով, ոչ թե չեզոքի, փաստերն արձանագրողի «սպիտակ ձեռնոցներ» հագնելով և ամեն ինչին կողքից, առանց հույզի դիտորդի դեր վերապահելով:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ